«Միացե՛ք՝ մի երգ, մի զարկ դառնանք». Կոնսերվատորիայի դիմաց ռազմահայրենասիրական երգեր են հնչել (վիդեո)
«Սարդարապատի քաջեր», «Զարթի՛ր լաո», «Էրզրումի երգ», «Կիլիկիա», «Գետաշեն» եւ մի շարք այլ ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը եւ Գյումրիից ժամանած երաժիշտները փորձեցին ոգեւորել հայոց բանակի թիկունքում կանգնած հայ հասարակությանն ու այն զինվորներին, որոնք ռազմի դաշտում պաշտպանում են մեր հայրենիքը:
Պատերազմների ժամանակ մշակույթը երբեք չի դադարել գոյություն ունենալուց։ Ավելին՝ այն միշտ քաջալերող ուժ է եղել բոլորի համար։ Հատկապես ակտիվ գործունեություն են ծավալել երաժշտական գործիչները։ Պատահական չէ, որ հաճախ հենց պատերազմների ընթացքում են գրվել համաշխարհային երաժշտարվեստի գլուխգործոցներ, ինչպես նաեւ բազմաթիվ հայրենասիրական երգեր, որոնց օգնությամբ զինվորները սխրանքներ են գործել, դիմակայել են բազմաթիվ դժվարությունների ու զրկանքների։ Հենց այդպիսի ռազմերգեր են հնչել միջոցառմանը՝ գոտեպնդելով զինվորի թիկունքում կանգնած մարդկանց։
Միջոցառումն իրականացվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ՝ Երեւանի քաղաքապետարանի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի եւ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի աջակցությամբ։