ԱՄՀ. Աշխարհը պետք է ավելին անի COVID-19-ի ճգնաժամի տնտեսական հետեւանքների դեմ պայքարի համար
Միջազգային հանրությունը պետք է ավելին անի COVID-19-ի ճգնաժամի տնտեսական հետեւանքների դեմ պայքարելու համար, ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան՝ հրապարակավ կոչ անելով Համաշխարհային բանկին արագացնել խիստ տուժած աֆրիկյան երկրների վարկավորումը, հաղորդում է Reuters-ը:
«Ես նաեւ խնդրում եմ ավելի շատ դրամաշնորհներ տրամադրել աֆրիկյան երկրներին: Համաշխարհային բանկը դրամաշնորհներ տրամադրելու հնարավորություն ունի: Միգուցե դուք կարող եք ավելին անել․․․ երկկողմ դոնորները նույնպես կարող են ավելին անել այս առումով»,- ասել է Գեորգիեւան:
Համաշխարհային բանկի գնահատմամբ` համավարակը, ապրանքների գների անկումը եւ մորեխների հարձակումը հատկապես ծանր հարված են հասցրել Աֆրիկային` 43 միլիոն մարդ հայտնվել է ծայրահեղ աղքատության սպառնալիքի առջեւ: Աֆրիկյան պետություններում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 1 միլիոն դեպք եւ մոտ 23 000 մահ:
Գեորգիեւան ասել է, որ լուրջ խնդիրներ ունեցող երկրները պետք է հնարավորինս շուտ վերակազմավորեն իրենց պարտքերը: «Սա ուղերձ է պարտքային խնդիրներ ունեցող բոլոր երկրների համար... Եթե պարտքն անընդունելի է, խնդրում ենք շարժվել դեպի վերակազմակերպում՝ որքան շուտ, այնքան լավ»,- ասել է նա:
Գեորգիեւան ասել է, որ վարկավորման թափանցիկությունը վճռական նշանակություն ունի բոլոր կողմերի համար եւ ողջունել է այն, ինչը նա անվանել է Չինաստանի «խրախուսող» հայտարարություններ՝ չինական կառավարության եւ այլ ինստիտուտների պարտքի ավելի համախմբված դիտարկման ուղղությամբ: «Կարծում եմ, որ այս ճգնաժամում եկել է պահը թափանցիկությունը հնարավորինս առաջնային եւ պարտադիր դարձնելու համար»,- ասել է նա: