Բեյրութի բնակելի թաղամասում մազութի պահեստ է պայթել
Շաբաթ մազութի պահեստ է պայթել Բեյրութի արեւմուտքում՝ Թարիք էլ Ջեդիդ բնակելի թաղամասում: ՏԱՍՍ-ին ականատեսներից մեկը հայտնել է, որ պայթյունի հետեւանքով ուժգին հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր ժանանած հրշեջները պայքարում են կրակի դեմ: Լիբանանի բանակի զինծառայողներն ու քաղաքացիական պաշտպանության կամավորները տարհանում են մարդկանց մոտակայքում տեղակայված շենքերից:
Նախնական տվյալներով՝ վիրավորվել է երկու մարդ՝ աշխատողներ Սիրիայից ու Բանգլադեշից: Տուժածների մեծ մասը տեղափոխվել է հիվանդանոց ածխաթթու գազով թունավորման հետեւանքով:
Սեպտեմբերին Բեյրութում տեղի է ունեցել առնվազն երեք հրդեհ, ընդ որում՝ դրանցից երկուսը նավահանգստի հարեւանությամբ, որտեղ օգոստոսի 4-ին տեղի էր ունեցել պայթյուն, որն աղետալի էր մայրաքաղաքի բնակիչների համար: Դրա հետեւանքով վնասվել են հազարավոր տներ, զոհվել է 193 մարդ, տուժել է 6.5 հազար քաղաքացի եւ ավելի քան 300 հազար բնակիչ զրկվել է տանիքից: Լիբանանի ՆԳՆ-ի տվյալներով՝ պայթյունի պատճառը ավելի քան 2.7 հազար տոննա ամոնիումի սելիտրայի բռնկումն էր, որ պահվում էր նավահանգստում: