Ունենք վաշտի հրամանատար աղջիկ, նաև պրոֆեսիոնալ զինծառայող, ով իր 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին և եկել պատերազմ. Ա. Հովհաննիսյանը՝ պատերազմին կանանց ներգրավվածության մասին
Այսօր աչքովս տեսել եմ 5 հակատանկիստ կնոջ, ուղղակի հերոսություն կատարող, գերպրոֆեսիոնալ պայմանագրային ծառայություն կատարող զինվորներ, ովքեր շահագործում են մեր ԶՈւ-երի հակատանկային ամենալավ միջոցներից մեկը: Այս մասին միասնական տեղեկատվական հարթակի կազմակերպած ասուլիսին հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինչու ԶՈւ-երում ներգրավված կանանց մասին չի խոսվում:
Հովհաննիսյանը հավելեց, որ նրանք ուղղակի իրենց հիանալի են դրսևորում. «Կարելի է ասել՝ նույնիսկ մեկ շարժվող ճանճ գետնի վրա չի խուսափում իրենց հակատանկային խոցումից»,- ընդգծեց նա:
Հովհաննիսյանը նշեց, որ նախորդ օրերին տեսել է դիպուկահար կանանց. «Դրանից հետո տեսել եմ հրետանավոր կնոջ, չեմ տեսել, բայց շատ եմ լսել մեկ վաշտի հրամանատար աղջկա մասին, շատ կուզենամ ծանոթանալ նրա հետ: Երեկ ծանոթացել ենք աղջկա հետ, ով իր վեց ամսական երեխային թողել է մոր խնամքին և եկել պատերազմ, պրոֆեսիոնալ զինվորական»,- պատմեց նա: