ԼՂՀ ԱԳՆ. Ղարաբաղի պատերազմին Մերձավոր Արեւելքից ահաբեկիչների մասնակցության փաստը կասկած չի հարուցում
Այն փաստը, որ Մերձավոր Արեւելքի երկրներից ահաբեկչական խմբավորումները, որոնք հավաքագրվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից եւ Թուրքիայի տարածքով Ադրբեջան են ժամանել ու մասնակցում են այս պատերազմին, այլեւս կասկած չի հարուցում: Այս մասին հոկտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցում ասաց Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Առավել եւս, ինչպես նշեց արտգործնախարարը, եւ ռուսական կողմը, եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել են Ադրբեջանի կողմից գրոհայինների մասնակցությունն այս պատերազմին:
«Այս բոլոր փաստերը հավաքվում են, բոլորը ի վերջո կհասցվեն համապատասխան կառույցներ, բայց հիմա ամենակարեւորը ճակատում մեր հաջողություններն են, եւ ես կասկած չունեմ, որ այս պատերազմում մենք անպայման կհաղթենք»,- ընդգծեց Մասիս Մայիլյանը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Ղարաբաղի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը։