Լիբանանի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով ավելի քան 100 քաղաք ու գյուղ են փակել
Լիբանանի իշխանությունները մեկուսացրել են երկրի ավելի քան 100 քաղաքն եւ գյուղ այն բանից հետո, երբ վերջին օրերին հարյուրավոր մարդիկ վարակվեցին կորոնավիրուսով` հիվանդանոցային մահճակալների պակասի ֆոնին, հաղորդում է Associated Press-ը:
Հրաժարական տվող ՆԳ նախարար Մոհամմեդ Ֆահմին հայտարարել է, որ 111 քաղաքի ու գյուղի ամբողջական մեկուսացման մասին հրամանն ուժի մեջ կմտնի կիրակի առավոտյան եւ կտևի մինչեւ հոկտեմբերի 12-ը:
Այս ցուցակում ներառված են երկրի հյուսիսում, հարավում, արեւելքում եւ կենտրոնում գտնվող քաղաքներ եւ գյուղեր, ինչպես` նաեւ Բեյրութի մատույցները: Ընդ որում, մեկուսացման ժամանակահատվածում բոլոր պետական եւ մասնավոր հաստատությունները եւս կփակվեն, բոլոր միջոցառումները կչեղարկվեն: Նշվում է, որ տաճարների բացման եւ փակման հետ կապված հարցերի համակարգմամբ կզբաղվի առողջապահության նախարարությունը` երկրի կրոնական ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: Բացի այդ, պարետային ժամը եւս ուժի մեջ կմնա:
Վերջին շաբաթներին Լիբանանում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել. 5 միլիոն բնակչությամբ երկրում փետրվարից ի վեր գրանցվել է ավելի քան 40.000 դեպք, մահվան դեպքերի թիվը 374 է:
Միայն հինգշաբթի 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 1.248 դեպք է գրանցվել, յոթ հիվանդ մահացել է: