Ճապոնիայի նոր վարչապետը եւ Չինաստանի նախագահը պայմանավորվել են սերտ համագործակցել
Ճապոնիայի նոր վարչապետ Յոսիհիդե Սուգան ասել է, որ ինքը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պայմանավորվել են սերտորեն համագործակցել բարձր մակարդակի հանդիպումների միջոցով, հաղորդում է AP-ն:
«Ես Սի Ցզինպինին ասացի, որ չին-ճապոնական հարաբերությունների կայունությունը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն երկու երկրների, այլեւ տարածաշրջանի եւ միջազգային հանրության համար»,- հեռախոսազրույցից հետո լրագրողներին ասել է Սուգան:
Սի Ցզինպինի` անցյալ տարվա ապրիլին պլանավորված այցը Ճապոնիա անորոշ ժամանակով հետաձգվել էր` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
«Մենք չենք քննարկել Ցզինպինի հնարավոր այցը Ճապոնիա»,- ասել է Սուգան: Այնուամենայնիվ, ղեկավարները պայմանավորվել են գագաթնաժողովներ անցկացնել` տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ համագործակցության համար:
Չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Սի Ցզինպինը նշել է հարաբերությունների բարելավումը եւ ասել, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել Սուգայի կառավարության հետ` այնպիսի փոխշահավետ ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, ինչպիսին է առեւտուրը, ինչպես նաեւ` զգայուն խնդիրների լուծման համար, այդ թվում` պատմական: