Հարլի-Դեւիդսոնը հեռանում է Հնդկաստանից
Ամերիկյան Harley-Davidson-ը հայտարարել է Հնդկաստանի շուկայից` մոտոցիկլների աշխարհի ամենամեծ շուկայից, դուրս գալու մասին: Այս մասին նշվում է այն նյութերում, որոնք ընկերությունն ուղարկել է ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողով (SEC), հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ընկերությունը դադարեցնում է վաճառքները եւ արտադրական օպերացիաները վերակազմավորման լրացուցիչ միջոցառումների շրջանակներում, որոնց մասին աշխատակիցներին հայտնել են սեպտեմբերի 24-ին:
Արդյունքում աշխատանքից կազատվի շուրջ 70 մարդ:
Ակնկալվում է, որ Հնդկաստանում օպերացիաների դադարեցման հետ կապված ծախսերը 75 միլիոն դոլար կկազմեն, իսկ վերակազմավորման ընդհանուր ծախսերն այս տարի կհասնեն մոտ 169 միլիոն դոլարի:
Harley-ի` Հնդկաստանից դուրս գալը լրջորեն խարխլում է վարչապետ Նարենդրա Մոդիի` օտարերկրյա արտադրողների ներգրավմանը եւ նրանց պահելուն ուղղված ջանքերը` երկրի վերջին տասնամյակների տնտեսական վատագույն անկման պայմաններում, նշում է Bloomberg-ը:
Մի քանի շաբաթ առաջ ճապոնական Toyota Motor Corp.-ը հայտնել էր, որ հետագա ընդլայնում չի նախատեսում Հնդկաստանում` բարձր հարկերի պատճառով: Ամերիկյան General Motors ավտոկոնցեռնը երկիրը լքել էր 2017-ին, մինչդեռ Ford Motor-ը, որն ավելի քան երկու տասնամյակ ձգտում էր ամրապնդվել այդ շուկայում, անցած տարի համաձայնել էր իր ակտիվների մեծ մասը փոխանցել Mahindra & Mahindra Ltd.-ի հետ համատեղ ձեռնարկությանը:
Հուլիսի վերջին Harley-ն նախազգուշացրել էր բիզնեսի կառուցվածքի փոփոխությունների մասին, որոնք ընկերության` մի քանի շուկաներից դուրս գալուն եւ արտադրանքի գծի օպտիմալացման կհանգեցնեն: Ընկերությունը հունիսի ավարտված երկրորդ եռամսյակում գրանցել էր իր առաջին եռամսյակային վնասը ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում: