ԱՄՆ-ը ՄԱԿ-ում մյուս երկրներին մեղադրել է համավարակի դեմ պայքարն անբավարար ֆինանսավորելու մեջ
ԱՄՆ-ը մի շարք երկրների նախատել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը ՄԱԿ-ի գծով թույլ ֆինանսավորելու համար՝ համեմատած իր հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ-ն ավելի քան 900 միլիոն դոլար է նվիրաբերել ՄԱԿ-ի արձագանքման միջոցառումներին՝ ավելին, քան ցանկացած այլ երկիր մինչ օրս»,- հայտարարել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթը՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի կորոնավիրուսի դեմ պայքարին նվիրված նիստում, որն անցկացվում է հեռավար՝ Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում:
Համեմատության համար նա որոշել է թվարկել այլ երկրներ, որոնք վերջերս իրենց ներդրումն են ուղարկել ՄԱԿ: «Նիգերը՝ 4,6 միլիոն դոլար, ՀԱՀ-ը՝ 8,4 միլիոն դոլար, Ինդոնեզիան՝ 5 միլիոն դոլար, Վիետնամը՝ 9,5 միլիոն դոլար, Թունիսը՝ 600 հազար դոլար»,- ասել է դիվանագետը:
Նրա ելույթից հետո Քրաֆթի կողմից հիշատակված երկրներից մեկի՝ Ինդոնեզիայի մշտական ներկայացուցիչ Դիան Տրիանշահ Ջանին նախագահից պատասխանի իրավունք է խնդրել: «Ես միայն կցանկանայի մեջբերել այն, ինչ մեր նախագահն ավելի վաղ ասել է Գլխավոր ասամբլեայում՝ առողջ աշխարհը կարող է իրականություն լինել միայն համագործակցության պայմանով, դրա համար պետք է աշխատել միասին եւ միայն միասին: Շնորհակալություն»,- ասել է նա: