Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել բեռլինյան կլինիկայի ստացիոնարից
Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել բեռլինյան «Շարիտե» կլինիկայի ստացիոնարից, փոխանցում է «Մեդուզան»։
«Պացիենտի վիճակն այնքան է լավացել, որ նա ստացիոնարից դուրս է գրվել։ Ալեքսեյ Նավալնին «Շարիտեում» բուժվել է 32 օր, որից 24 օր եղել է վերակենդանացման բաժանմունքում։ Ելնելով պացիենտի ընթացիկ վիճակից՝ բուժող բժիշկները կարծում են, որ նրա լիարժեք ապաքինումը հնարավոր է։ Սակայն դեռեւս չափազանց վաղ է գնահատել ծանր թունավորման հնարավոր երկարաժամկետ հետեւանքները»,- նշված է կլինիկայի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Օգոստոսի 20-ին Ալեքսեյ Նավալնու ինքնազգացողությունը վատթարացել էր Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ։ Քաղաքական գործիչը կոմայի մեջ էր ընկել եւ շտապ հոսպիտալացվել Օմսկում։ Երկու օր հետո նրան տեղափոխել էին Բեռլին։ Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» խմբի նյարդակաթվածահարող նյութով։ Սեպտեմբերի 7-ին բժիշկները քաղաքական գործչին հանել էին բժշկական կոմայից։