ԱՄՆ-ն եւ ԱՄԷ-ն հույս ունեն մինչեւ դեկտեմբեր համաձայնագիր կնքել ամերիկյան F-35 անտեսանելի կործանիչների վաճառքի վերաբերյալ
ԱՄՆ-ն եւ Արաբական Միացյալ Էմիրությունները հույս ունեն մինչեւ դեկտեմբեր համաձայնություն ձեռք բերել ամերիկյան F-35 անտեսանելի կործանիչների վաճառքի վերաբերյալ: Թրամփի վարչակազմը ուսումնասիրում է, թե ինչպես կառուցել գործարքը` առանց Իսրայելի հետ հակասության մեջ մտնելու, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներ:
Նրանց խոսքով` նպատակն է ժամանակին պատրաստել մանակ համաձայնագիրը մինչեւ ԱՄԷ-ի Ազգային օրը, որը նշվում է դեկտեմբերի 2-ին: Գործարքը պետք է համապատասխանի ԱՄՆ-Իսրայել համաձայնագրին, որում նշվում է, որ տարածաշրջանում վաճառվող ցանկացած ամերիկյան զենք չպետք է վնաս հասցնի Իսրայելի «որակական ռազմական առավելությանը»:
Հաշվի առնելով դա` Վաշինգտոնն ուսումնասիրում է F-35-ն իսրայելական ռադարների համար ավելի տեսանելի դարձնելու տարբերակները:
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը երեքշաբթի Վաշինգտոնում պետք է հանդիպի իր ամերիկացի գործընկեր Մարկ Էսփերի հետ: