Ռուսական S7 մշակումների կենտրոնը հայտնել է վերադարձվող աստիճանով տանող հրթիռի ստեղծման աշխատանքի մասին
S7 մշակումների կենտրոնը 2019 թվականին սկսել է վերադարձվող աստիճանով թեթեւ դասի տանող հրթիռի ստեղծումը։ Այս մասին նշված է շաբաթ հրապարակված կազմակերպության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք սկսել ենք հեղուկ հրթիռային շարժիչով երկաստիճան տանող հրթիռի ստեղծումը՝ վերադարձվող առաջին աստիճանով։ Աշխատանքը տարվում է 2019 թվականից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մշակումների կենտրոնից հստակեցրել են, որ սա կլինի թեթեւ տանող հրթիռ, ընդ որում՝ հեռանկարում մշակումներն օգտագործվելու են «միջին դասի տանող հրթիռի արդյունաբերական պատրաստման մեջ «Մորսկոյ ստարտ» տիեզերակայանից արձակելու համար, որը կազմված է Odyssey արձակման լողացող պլատֆորմից եւ հրամանատարական նավից։
«Մորսկոյ ստարտից» արձակումների ծրագիրը գործել է մինչեւ 2014 թվականը՝ ԱՄՆ ափերի մոտ բազավորված պլատֆորմից, կատարվել է «Զենիթ» հրթիռի 32 արձակում։ 2014 թվականին «Մորսկոյ ստարտի» արձակման գործունեությունը դադարեցվել է, 2016 թվականի սեպտեմբերին հրթիռա-տիեզերական համալիրի սեփականատերն է դարձել S7 ընկերությունների խումբը։ Նույն տարվա գարնանը հրամանատարական նավը եւ պլատֆորմը Միացյալ Նահանգների ափերից տեղափոխվել են Հեռավոր Արեւելք։ Sea Launch Commander հավաքակայան-հրամանատարական նավը Պրիմորյե է ժամանել մարտի 17-ին եւ մաքսային ու սանիտարական ընթացակարգերն անցնելուց հետո կառանել է Սլավոնական նավաշինական գործարանի նավամատույցում, իսկ Odyssey արձակման պլատֆորմը նավահանգիստ է ժամանել մարտի 30-ին։
«Ռոսկոսմոսի» ղեկավարությունը եւ հրթիռա-տիեզերական ճյուղի մասնագետները, ինչպես նաեւ S7 ընկերությունները գնահատել են «Մորսկոյ Ստարտի» վիճակը «Սոյուզ-5» եւ «Սոյուզ-6» հեռանկարային հրթիռների արձակմանը պատրաստ լինելու առումով։