ԱՄՆ-ն պատժամիջոցներով է սպառնացել բոլոր ընկերություններին, որոնք զենք կվաճառեն Իրանին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստացել է ամերիկյան պատժամիջոցների «ամբողջ ուժը» կիրառել զենքի միջազգային ցանկացած արտադրողի նկատմամբ, որը գործ կունենա Իրանի հետ եւ զենք կվաճառի վերջինիս:
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ վերադառնալու է ՄԱԿ՝ փորձելով այդ հարթակում վերականգնել Իրանի նկատմամբ պատժամիջոցներ:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն այս հարցում կարող է աջակցություն չստանալ, բայց, ըստ ներկայացուցչի, գործադրելու է բոլոր ջանքերը:
Նշենք, որ ՄԱԿ ԱԽ-ը օգոստոսի 14-ին մերժել է Իրանի դեմ զենքի միջազգային էմբարգոն երկարաձգելու մասին ԱՄՆ-ի բանաձևը: Քվեարկության ժամանակ երկրների մեծ մասը ձեռնպահ էր մնացել: Իրան զենքի ներկրման սահմանափակումների գործողությունների ժամկետը, համաձայն միջուկային գործարքի պայմանների, լրանում է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին: