Մի մայկան, որ տվել ես 1500 դրամ, վաղը դառնալու է 7-8 հազար դրամ. ակցիայի մասնակից
Մի մայկան, որ տվել ես 1500 դրամ, վաղը դառնալու է 7-8 հազար դրամ. ՊԵԿ-ի նախագահն ասում է հնարավոր չի դա փոխել. Եթե չագուճն ու պոպոքը քո ձեռքն ա, դու ես գրել, ո՞նց չես կարող փոխել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Կառավարության դիմաց նշեց բողոքի ակցիա իրականացնողներից մեկը: Նշենք, ո հագուստի եւ կոշիկի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսավարողները բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։
«Մարդիկ փող չունեն: Մարդ կա գալիս ասում է՝ 8-10 հազարով հարսանիքի շոր եմ ուզում, բա ո՞նց մարդը կարող է 8-10 հազար դրամ տա մի վերնաշապիկին: Հիմա ոչ թե պետք է միայն մենք դուրս գանք փողոցի, այլ ամբողջ ժողովուրդը, որ ժամանակին իրենց կողքը կանգնեցին»,-ասաց նա:
Ներկաները սկսեցին վանկարկել «վարչապետ»:
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նկատեց, որ հիմա իշխանություններն իրենց ասում են, որ դեռ երկու տարի առաջ զգուշացրել էին այս փոփոխության մասին. «Բայց երկու տարի առաջ ոչ մեկը մեզ չէր ասել, որ լինելու է կորոնավիրուս ու տնտեսական ճգնաժամ»:
Մեկ այլ մասնակից էլ նշեց, որ 10 հազար դոլարի ապրանքին հիմա պետք է տա 10 հազար դոլարի մաքսազերծվում, մինչդեռ նախկինում տվել է մոտ 4 հազար դոլար: «Իրենք ոչ թե թանկացնում են բիզնեսը, այլ վերացնում են: Իմ տեղը «Սումալու»-ում է, ես չեմ կարող տենց աշխատել»: