Գերմանիան ավելի քան 1500 միգրանտ կընդունի Լեսբոս կղզու այրված ճամբարից
Գերմանիան ավելի քան 1500 միգրանտ կընդունի Լեսբոս կղզու այրված ճամբարից, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Սթիվեն Սիբերտը, փոխանցում է CNN-ը:
Սիբերտի հայտարարության համաձայն` Գերմանիան 1553 մարդ կընդունի 408 ընտանիքից, ովքեր արդեն փախստականի կարգավիճակ ունեն:
Նա նաեւ նշել է, որ Գերմանիայի կառավարությունը «հանձնառու է եվրոպական հետագա լուծումներին` ընդունող այլ (ԵՄ) անդամ երկրների հետ միասին»:
Սիբերտն ընդգծել է, որ եվրոպական այս որոշման համատեքստում Գերմանիան նույնպես մի կողմում չի մնա` «մեր երկրի չափերին համապատասխան լրացուցիչ ջանքերի» առումով:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Լեսբոս կղզում գտնվող Մորիա միգրանտների ճամբարը ոչնչացել էր մեծ հրդեհի պատճառով: Հրդեհի հետեւանքով անօթեւան է մնացել 13000 փախստական:
Հրդեհի կապակցությամբ ձերբակալվել է հինգ աֆղանցի` երեք մեծահասակ եւ երկու դեռահաս: Կասկածյալներից մեկը դեռ գտնվում է հետախուզման մեջ:
Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր, որ առանց մեծահասակների ուղեկցության մնացած 150 անչափահաս փախստական կընդունի: