Վիետնամում դատարանը մահապատժի է դատապարտել երկու եղբայրների՝ գյուղերից մեկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
Վիետնամում դատարանը մահապատժի է դատապարտել երկու եղբայրների՝ գյուղերից մեկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի հետեւանքով սպանվել են երեք ոստիկաններ եւ տեղի մեկ բնակիչ:
Հանոյի Դոնգ Թամ արվարձանի բնակիչները տարիներ շարունակ բախվել են իշխանությունների հետ՝ մեղադրելով զինվորականներին օդանավակայան կառուցելու համար իրենց գյուղատնտեսական նշանակության հողերն անօրինական կերպով զավթելու մեջ: Հունվարին իշխանությունները փորձել են ցանկապատ տեղադրել, սակայն, ըստ Հանրային անվտանգության նախարարության, նրանց դիմավորել են գյուղացիները, որոնք զինված են եղել «նռնակներով, հրկիզող ռումբերով եւ դանակներով»: Բախման հետեւանքով զոհվել են ոստիկանության երեք սպա եւ Լե Դին Քին անունով տարեց մի բնակիչ:
Գյուղացիները դեպքի այլ վարկած ունեն, նրանք իշխանություններին մեղադրում են քնած ժամանակ Քինի վրա հարձակվելու մեջ: Ենթադրվում է, որ նա ֆերմերների դիմադրության առաջնորդն էր: Բռնություններից հետո տասնյակ ձերբակալվածների թվում են եղել Քինի երկու որդիները:
Համաձայն պետական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Հանոյի դատարանը եղբայրներին «մահապատժի է դատապարտել երեք սպաների սպանության համար»:
Եվս 27 մարդ դատապարտվել են տարբեր ժամկետների՝ 15 ամվա պայմանական ազատազրկումից մինչեւ ցմահ ազատազրկման:
Պաշտպանը դատավարությունն անվանել է «անարդար»: «Մենք համաձայն չենք դատարանի կողմից այսօր կայացված դատավճռի հետ, մենք նույնիսկ համաձայն չենք բուն դատավարության հետ»,- ասել է նա AFP-ին: