ByteDance ընկերությունը հրաժարվել է ԱՄՆ-ում TikTok-ի վաճառքից եւ մտադիր է գործընկերություն կնքել Oracle-ի հետ
Չինական տեխնոհսկա ByteDance-ը հրաժարվել է TikTok տեսահավելվածն ԱՄՆ-ում վաճառելուց եւ մտադիր է գործընկերություն կնքել ծրագրային ապահովման ամերիկյան ամենախոշոր արտադրողներից մեկի՝ Oracle-ի հետ, չինական ընկերությունը հուսով է, որ դա կօգնի խուսափել ԱՄՆ-ում տեսահավելվածի արգելումից եւ կհանգստացնի չինական կառավարությանը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Առաջարկված գործարքի համաձայն՝ Oracle-ը կդառնա ByteDance-ի տեխնոլոգիական գործընկերը եւ կզբաղվի ԱՄՆ-ում TikTok-ի օգտատերերի տվյալների վերահսկմամբ, նշում են աղբյուրները։ Oracle-ը բանակցություններ է վարում նաեւ TikTok-ի ամերիկյան գոծարքներում բաժնեմաս ձեռք բերելու շուրջ։
ByteDance ընկերությունը TikTok-ի վաճառքի բանակցություններ էր վարում կա՛մ Oracle-ի, կա՛մ Microsoft-ի ղեկավարած կոնսորցիումի հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայեց տեսահավելվածը վաճառել։ ԱՄՆ իշխանությունները հայտարարում են իրենց մտավախությունների մասին՝ կապված TikTok-ի ամերիկացի օգտատերերի տվյալների անվտանգության հետ։
Չինաստանն օգոստոսին թարմացրել էր արտահանման վերահսկման կանոնները, որ ձայնի իրավունք ունենար TikTok ալգորիթմը օտարերկրյա գնորդի փոխանցելու դեպքում, հայտնում է գործակալությունը։
Reuters լրատվական գործակալությունն անցյալ շաբաթ նշել էր, որ Չինաստանը կնախընտրի, որ ԱՄՆ-ն TikTok-ն արգելի, քան այն հարկադրական վաճառքի օբյեկտ դառնա։