Հենց ԱՄՆ-ն է ամենամեծ վտանգը ներկայացնում միջազգային կարգի համար. Չինաստան
Չինաստանի պաշտպանության նախարարությունը քննադատել է ԱՄՆ ռազմական զեկույցը երկրի ռազմական հավակնությունների վերաբերյալ` ասելով, որ հենց ԱՄՆ-ն է ամենամեծ սպառնալիքը միջազգային կարգի եւ համաշխարհային խաղաղության համար, հաղորդում է AP-ն:
Սեպտեմբերի 2-ին Պենտագոնը Կոնգրեսին զեկույց էր ներկայացրել Չինաստանի ռազմական զարգացման եւ նպատակների մասին, որը, դրա խոսքով, «լուրջ հետեւանքներ կունենա ԱՄՆ ազգային շահերի եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի անվտանգության վրա»:
ՉԺՀ պաշտպանության նախարարության խոսնակ, գնդապետ Ու Ցյանը զեկույցը «Չինաստանի նպատակների անիմաստ խեղաթյուրում» է անվանել: «Հենց ԱՄՆ-ն է տարածաշրջանային անկարգություններ հրահրողը, միջազգային կարգը խախտողը եւ համաշխարհային խաղաղությունը քանդողը»,- ասել է նա:
Վերջին երկու տասնամյակի ընթացքում Իրաքում, Սիրիայում, Լիբիայում եւ այլ երկրներում ԱՄՆ-ի գործողություններմ ավելի քան 800.000 մարդու մահվան եւ միլիոնավոր մարդկանց տեղահանման են հանգեցրել, ասել Ցյանը:
«ԱՄՆ-ն ինքն իր մասին մտորելու փոխարեն թողարկել է այսպես կոչված զեկույցը, որը կեղծ մեկնաբանություններ է պարունակում Չինաստանի նորմալ պաշտպանության եւ ռազմական շինարարության մասին,- ասել է նա:- Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում օբյեկտիվորեն եւ ռացիոնալ վերաբերվել Չինաստանի ազգային պաշտպանությանը եւ ռազմական զարգացմանը, դադարեցնել կեղծ հայտարարություններ անել եւ կոնկրետ գործողություններ ձեռնարկել`մերկկողմ ռազմական հարաբերությունների առողջ զարգացումն ապահովելու համար»:
ԱՄՆ ՊՆ զեկույցում վերլուծվում է Չինաստանի ռազմական հզորության տեխնիկական հնարավորությունները, դոկտրինները եւ վերջնական նպատակները: Դրանում նշվում է, որ այն ներառում է Չինաստանը պետական կառավարման «պրակտիկ գործիքի» վերածումը, որն ակտիվ դերակատարություն կունենա Պեկինի արտաքին քաղաքականության խթանման գործում եւ «նպատակ կունենա վերասահմանել միջազգային կարգի ասպեկտները»: