Իսրայելն ու ԱՄԷ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել արհեստական ինտելեկտի համատեղ մշակման շուրջ
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Մոհամեդ բեն Զայիդի արհեստական ինտելեկտի համալսարանը (ԱՄԷ) եւ Իսրայելի` Վեյցմանի անվան Բազմապրոֆիլային գիտահետազոտական ինստիտուտը համաձայնագիր են ստորագրել արհեստական ինտելեկտի մշակման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով WAM-ը:
Հաղորդվում է, որ Էմիրությունների եւ Իսրայելի ակադեմիական ինստիտուտները «համագործակցության հուշագիր են ստորագրել մի շարք ոլորտներում` արհեստական բանականության մշակման եւ օգտագործման նպատակներով»: Համաձայնությունների շրջանակներում ուսանողների փոխանակման ծրագրեր, գիտական կոնֆերանսներ եւ սեմինարներ, հետազոտական խմբերի միջեւ փոխանակման տարբեր ձեւեր են նախատեսվում, ինչպես նաեւ` հաշվիչ կենտրոնների ռեսուրսների համատեղ օգտագործում:
Բացի այդ, հուշագրում նշվում է արհեստական բանականության համատեղ վիրտուալ ինստիտուտի ստեղծման մասին:
Այս համաձայնագիրը առաջին գործնական համաձայնությունն է Էմիրությունների եւ Իսրայելի գիտական հաստատությունների միջեւ` երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին հայտարարումից հետո: