Իտալիայում զբոսաշրջիկը տուգանվել է €1000-ով՝ սպիտակ ավազով լի շիշ դուրս բերելու փորձի համար
Ֆրանսիացի զբոսաշրջիկը տուգանվել է €1000-ով՝ Սարդինիայի լողափից սպիտակ ավազով լի շիշ դուրս բերելու փորձի համար: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Սպիտակ ավազը, որով ծածկված են իտալական Սարդինիա կղզու լողափերը, գտնվում է պետական պաշտպանության ներքո: Այն լողափից դուրս բերելու փորձի համար զբոսաշրջիկներին սպառնում են խոշոր տուգանքներ:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, զբոսաշրջիկը ձերբակալվել է Կալյարի քաղաքի օդանավակայանում: Նրա մոտ եղել է շիշ 2 կգ սպիտակ ավազով:
«Շիշն առգրավվել է և այժմ գտնվում է մեր պահոցում, որտեղ մենք պահում ենք այդ առգրավված առարկաները: Տարեվերջին սովորաբար մեզ մոտ հավաքվում են ավազով շատ շշեր»,- CNN-ին հայտնել է իտալական իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ անսովոր գույնով ավազի դուրսբերման փորձը Սարդինիայում հաճախակի հանդիպող երևույթ է, իշխանություններն էլ հատուկ ուշադրություն են հատկացնում սպիտակ և վարդագույն ավազներով լողափերի պաշտպանությանը:
Տեղի օրենքների համաձայն՝ հանգստավայրից այդպիսի հողի գողության փորձի համար զբոսաշրջիկներին սպառնում է €500-ից մինչև €3 հազարի տուգանք: