ԱԺ հանձնաժողովը պետք է Արսեն Ջուլֆալակյանին ու Արայիկ Հարությունյանին կանչի ու հասկանա խնդիրը. Սոֆյա Հովսեփյան
Պարոն Ջուլֆալականին ցանկանում եմ հաջողություններ. ես վստահ եմ, որ մենք դեռ կունենանք հնարավորություն քննարկելու հարցը: Այս մասին սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
«Եթե իմ խնդրանքն անցնի, նա իմ խնդրանքին տուրք տա ու վերադառնա, ես կդառնամ ամենաուրախ պատգամավորներից մեկը:
Ես պատրաստ եմ հրապարակավ էլ խնդրել, որպեսզի իր որոշումից ետ կանգնի, ետ գա ու իր կարևոր դերն ունենա այն ամուր թիմում, որը մենք ունենք կրթության հանձնաժողովում»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք մանդատից հրաժարված Արսեն Ջուլֆալակյանը շարունակելու է համագործակցությունը քաղաքական թիմի հետ, «Իմ քայլի» պատգամավորն արձագանքեց, որ այդ հարցին չի կարող պատասխանել. «Իմ կարծիքով իր գրածն այն էր, որ գործընկերային հարաբերություններ միշտ կլինեն, ինքը պատրաստ կլինի աջակցել ցանկացած հարցում: Եթե ես այսօր ունենամ սպորտի հետ կապված հարց, առաջին հերթին իրեն եմ զանգելու և ստանալու սպառիչ պատասխան»:
Պատգամավորը նաև ասաց, որ անհրաժեշտություն է տեսնում, որպեսզի ԱԺ գլխադասային հանձնաժողովն Արսեն Ջուլֆալակյանին ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին կանչի ու հասկանա, թե որն է եղել խնդիրը:
Պատգամավորի խոսքով, նրանց պետք է լսի նաև խմբակցությունը, ինչը պետք է արդեն արված լիներ, սակայն ցավոք չի եղել: