Facebook-ը գուցե ստիպված լինի դադարեցնել ԱՄՆ ուղարկել իր եվրոպացի օգտատերերի մասին տվյալները
Facebook-ը գուցե ստիպված լինի դադարեցնել ԱՄՆ ուղարկել իր եվրոպացի օգտատերերի մասին տվյալները՝ վերջերս կայացված դատական որոշման առաջին լուրջ հետեւանքների պատճառով, որի համաձայն տվյալների որոշ անդրատլանտյան փոխանցումներ օգտատերերին չեն պաշտպանում ԱՄՆ կառավարության հսկողությունից, փոխանցում է AP-ն։
Սոցցանցը հայտնել է, որ Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովը հետաքննություն է սկսել, թե Facebook-ն ինչպես է Եվրամիությունից տվյալները փոխանցում ԱՄՆ։
Արդյունքում ԱՄՆ տեխնոլոգիական հսկան, որն ամբողջ աշխարհում տվյալների մշակման կենտրոններ ունի, գուցե ստիպված լինի անցկացնել իր գործունեության թանկարժեք եւ բարդ վերակառուցում, որպեսզի երաշխավորի, որ եվրոպացի օգտատերերի տվյալները ԱՄՆ-ում չեն հայտնվի։
«Տվյալների անվտանգ, հուսալի եւ օրինական միջազգային փոխանցման բացակայությունը վնաս կհասցնի տնտեսությանը եւ կդժվարացնի տվյալների վրա հիմնված բիզնեսի աճը ԵՄ-ում՝ ճիշտ այնպես, ինչպես COVID-19-ը»,- հայտարարել է Facebook-ի գլոբալ հարցերով եւ հաղորդակցության գծով փոխնախագահ Նիկ Քլեգը։
Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովի կարծիքով՝ տվյալների փոխանցումը կարգավորող իրավական մեխանիզմը, որը հայտնի է որպես ստանդարտ պայմանգրային դրույթներ, «գործնականում չի կարող օգտագործվել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ տվյալների փոխանցման համար»։
Հանձնաժողովը Եվրոպայում Facebook-ի գաղտնիության առաջատար կարգավորողն է եւ կարող է տվյալների արտահոսքի պատճառով ընկերությանը տուգանել տարեկան եկամտի մինչեւ 4 տոկոսով։