Լեհաստանը Գերմանիային առաջարկել է իր գազային ենթակառուցվածքը` «Հյուսիսային հոսք 2»-ից Բեռլինի հրաժարման դեպքում
Լեհաստանի կառավարությունը կարող է Գերմանիային առաջարկել իր ենթակառուցվածքը գազի փոխադրման համար, եթե Բեռլինը հրաժարվի օգտագործել «Հյուսիսային հոսք 2» գազատարը: Այս մասին չորեքշաբթի լեհական հեռուստատեսությամբ հայտարարել է հանրապետության կառավարության մամուլի քարտուղար Պիոտր Մյուլլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ պետք է տարբեր տարբերակներ դիտարկել, եթե խոսքն էներգետիկ անվտանգության մասին է: Լեհաստանը ամենասկզբից շեշտում էր, որ եվրոպական համերաշխությունն այս ոլորտում պետք է միանշանակ լինի»,- ասել է նա` պատասխանելով հարցին` արդյո՞ք Լեհաստանը կկարողանա ԳԴՀ-ին առաջարկել Baltic Pipe-ի հնարավորությունները` «Հյուսիսային հոսք 2»-ի փոխարեն:
«Ուստի, եթե գերմանական կողմից հայտարարվի այդպիսի կարիքների մասին, Լեհաստանը բաց է նաեւ իր ենթակառուցվածքն օգտագործելու համար, որն ինքը կառուցում է իր էներգետիկ անվտանգության համար: Քանի որ մենք համերաշխորեն ենք մոտենում էներգետիկ անվտանգությանը, կարծում ենք, որ այն պետք է կառուցվի համաեվրոպական մոտեցմամբ»,- ասել է Մյուլլերը: Ըստ նրա` «Հյուսիսային հոսք 2»-ի նման նախաձեռնությունները հակասում են համերաշխության եւ էներգետիկ անվտանգության գաղափարին»:
Baltic Pipe-ը գազատարի նախագիծ է, որը Հյուսիսային ծովում նորվեգական ջրերը Դանիայի միջոցով պետք է կապի Լեհաստանին: Նախագիծը երեք փուլ է նախատեսում. գազի փոխանցման նորվեգական եւ դանիական համակարգերի միացում, Դանիայի ենթակառուցվածքների ընդլայնում եւ խողովակի կառուցում, որը միացնելու է Լեհաստանը եւ Դանիան Բալթիկ ծովի հատակով: Գազատարի նախատեսված հզորությունը տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր է: Լեհաստանի իշխանությունները մտադիր են շինարարությունն ավարտել մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը: