Տիգրանաշենի ոլորաններում ցեմենտի հումքով բարձված բեռնատարը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 18:10-ի սահմանում, КамАЗ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով վարորդը, որին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու դեպքի վայր ժամանած Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Արարատի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկաններ: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: Ավտոմեքենան բարձված է եղել ցեմենտի հումքով, որը թափվել և մասամբ փակել է ճանապարհի որոշ հատված: Այն քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով մի կողմ է քաշվել, ինչից հետո ճանշինի աշխատակիցները սկսել են ճանապարհի մաքրման աշխատանքները: