Սահակաշվիլին համաձայնել է Վրաստանի վարչապետ դառնալ ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին ասել է, որ համաձայնել է զբաղեցնել Վրաստանի վարչապետի պաշտոնը «կայունացման ժամանակահատվածում», եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այս մասին Սահակաշվիլին հաղորդել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ես տվել եմ իմ համաձայնությունը վրացական միավորված ընդդիմության առաջարկին՝ զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո»,- ասել է Սահակաշվիլին:
Նա նշել է, որ համաձայնել է անցումային վարչապետ լինել ոչ թե ամբողջ ժամկետով, այլ «կայունացման ժամանակահատվածում»՝ «մինչև մենք կկարողանանք հաղթահարել խորը տնտեսական ճգնաժամը, որում այժմ գտնվում է Վրաստանը»:
Սահակաշվիլին շեշտել է, որ այժմ գտնվում է Ուկրաինայում և կատարում է Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի իր գործառույթները:
«Ինձ համար Ուկրաինայի և Վրաստանի ճակատագրերն անբաժան են: Ես չեմ ընտրում երկու երկրների միջև, իմ պայքարը շարունակվում է և՛ այստեղ, և՛ այնտեղ»,- հավելել է քաղաքական գործիչը:
Սեպտեմբերի 7-ին, վրացական ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորումը նախկին նախագահ Սահակաշվիլիին անվանել է վարչապետի թեկնածու: