Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. բեռնատարից խոտի հակերը թափվել և վնասել են հանդիպակած երթևեկող Chevrolet-ը. կա վիրավոր. Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 15:45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ հատվածում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 54-ամյա Գագիկ Գասպարյանի վարած ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենային բարձված խոտի հակերի մի մասը թափվել է և ընկել է հանդիպակած ուղղությամբ երթևեկող, Մարտունի քաղաքի բնակիչ, 26-ամյա Ալիկ Դավթյանի վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վրա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հակերի թափման հետևանքով վնասվել է Chevrolet-ի դիմապակին, այնուհետև դրա հետևանքով Ա. Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: