ԵՄ դիվանագիտության ղեկավարը խոստովանել է, որ ոչ ոք չի հետեւում Լիբիա զենքի մատակարարման էմբարգոյին
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստովանել է, որ ոչ ոք չի հետեւում Լիբիա զենքի մատակարարման էմբարգոյին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Կահիրե կատարած այցի ժամանակ նա ասել է, որ Եվրամիությունը ձգտում է վերահսկել էմբարգոն, բայց շատ լավ հասկանում է, որ զենքի հոսքը շարունակում է հասնել Լիբիա: Նա կարծում է, որ շատ դժվար կլինի դադարեցնել ռազմական հակամարտությունը` առանց զենքի մատակարարման դադարեցման:
Էմբարգոն խախտողներին հակազդելու համար Եվրամիությունը սկսել էր IRINI ռազմածովային օպերացիան:
Բորելը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիին եւ շնորհակալություն հայտնել Լիբիայում հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերի համար:
Ռազմական հակամարտությունը Լիբիայում շարունակվում է 2011-ի վերջից, երբ սպանվեց երկրի նախագահ Մուամար Քադաֆին: Իշխանության համար պայքարում են միջազգային ճանաչում ունեցող կառավարությունը, որը գտնվում է Տրիպոլիում եւ գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած ուժերը: