ՄիԳ-31 ռուսական կործանիչը նորվեգական ինքնաթիռ է կալանել Բարենցի ծովի վրա
Ռուսաստանցի զինվորականները ՄիԳ-31 կործանիչը օդ են բարձրացել Բարենցի ծովի վրա Նորվեգիայի ռազմաօդային ուժերի P-3C «Օրիոն» ինքնաթիռը կալանելու համար: Այդ մասին ասվում է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի (ՊԿԱԿ) հաղորդագրության մեջ:
«Ռուսական կործանիչի անձնակազմը նույնականացրել է օդային թիրախը որպես Նորվեգիայի ռազմաօդային ուժերին պատկանող բազային պարեկային ավիացիայի P-3C «Օրիոն» ինքնաթիռ»,- նշել են ՊԿԱԿ-ում:
Այնտեղ հավելել են, որ ինքնաթիռի ճանաչման եւ ՌԴ պետական սահմանի խախտում թույլ չտալու համար օդ Է բարձրացել ՄիԳ-31ՄԲ կործանիչը՝ Հյուսիսային նավատորմի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ ուժերի կազմից:
Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում հայտնել են, որ ՌԴ-ի պետական սահմանից նորվեգական ինքնաթիռի շրջադարձից հետո ռուսական կործանիչը վերադարձել է բազավորման օդակայան:
«ՄիԳ-31ՄԲ ռուսական կործանիչի ամբողջ թռիչքը կատարվել Է օդային տարածության օգտագործման միջազգային կանոններին խստիվ համապատասխան: Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտում նորվեգական ինքնաթիռի կողմից չի թույլատրվել», ընդգծել են ՌԴ ՊԿԱԿ-ում:
Սեպտեմբերի 1-ին ռուսաստանցի զինվորականները նույնպես հայտնել էին ՄիԳ-31 կործանիչի՝ Բարենցի ծովի վրա նորվեգական P-3C «Օրիոն» ինքնաթիռը կալանելու մասին: Այդ նույն օրը Սու-27 կործանիչը Բալթիկ ծովի վրա կալանել էր Գերմանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: