Բրազիլիայի նախագահին սեպտեմբերին նոր վիրահատություն է սպասվում
Բրազիլիայի 65-ամյա նախագահ Ժաիր Բոլսոնարուին սեպտեմբերին երիկամի քարի հեռացման վիրահատություն է սպասվում: Այս մասին հայտարարել է CNN Brasil հեռուստաալիքը` վկայակոչելով քաղաքական գործչի հայտարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հեռուստաալիքի տվյալներով` երկուշաբթի երեկոյան պետության ղեկավարը հետազոտվել է ուլտրաձայնային հետազոտության միջոցով: Նրա երիկամում «լոբու հատիկից մի փոքր ավելի մեծ քար է հայտնաբերվել»: Նախագահը չի դժգոհում իր առողջությունից` առողջության հետ կապված այս խնդիրը վերագրելով տարիքին:
Հուլիսին Բոլսոնարուն վարակվել էր կորոնավիրուսով: Բրազիլիայի առաջնորդի խոսքով` նա իրեն վատ է զգացել միայն հիվանդության առաջին օրերին, ինչիցց հետո նա սկսել է հիդրոքսիքլորոքին օգտագործել` չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ավելի վաղ եզրակացրել էր, որ դեղամիջոցը դրական ազդեցություն չունի կորոնավիրուսով հիվանդների դեպքում: Հուլիսի 25-ին նա հայտարարեց իր ապաքինման մասին: