«Խուլերի միավորման» հկ-ի դիմաց նախօրեի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել. վնասվածքներ են ստացել խուլ ու համր անձինք
«Խուլերի միավորում» ՀԿ շենքի դիմաց օգոստոսի 26-ին, ժամը 21։00-ի սահմաններում խուլիգանության դեպք է տեղի ունեցել. ծեծի են ենթարկվել խուլ ու համր անձինք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Տիգրան Ղազարյանը։
Նա նշել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ)։
Ղազարյանի խոսքով՝ խուլիգանության արդյունքում վնասվածքներ ստացած անձինք կան, ինչը ֆիքսվել է նաեւ տեսախցիկներով. «Դեպքի վայրում եղել է երեխա, որը տեսանյութում երեւում է։ Տեսանյութից երեւում է, որ մի քանի անձանց ձեռքին կան փայտի կտորներ, որոնցով հարվածներ են հասցրել»։
Հարցին՝ արդյոք կա՞ տեղեկություն, թե ինչն է ծեծկռտուքի առիթ հանդիսացել, փաստաբանը դժվարացել է պատասխանել, նշելով, որ քննություն է ընթանում. ««Խուլերի միավորման» շուրջ վերջին 2-3 տարվա ընթացքում բազմաթիվ դատական պրոցեսներ կան, գուցե նաև դրանով է պայմանավորված»։