Չեխիայի նախագահը ձեռքի վնասվածքով հոսպիտալացվել է
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հոսպիտալացվել է, նրան վիրահատելու են ձեռքի վնասվածքի պատճառով։ Այս մասին Twitter-ում հայտնել է Պրահյան գրադի ղեկավարի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երեքշաբթի երեկոյան պարոն նախագահը ձեռքի վնասվածքի պատճառով տեղափոխվել է Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալ,- նշել է նա։ - Պարոն նախագահը վիրահատվելու է։ Նրա կյանքին սպառնացող վտանգ չկա։ Պարոն նախագահը շփվում է ընտանիքի եւ [պետության ղեկավարի աշխատակազմի] աշխատակիցների հետ»։
Պրահայի Pravo թերթի կայքը, վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղարին, հայտնել է, որ վիրահատությունն արդեն սկսվել է, այն անցնում է ընդհանուր անզգայացմամբ։
«Պարոն նախագահը [երեքշաբթի] երեկոյան հեռուստացույց էր դիտում։ Դիտումն ավարտելով՝ նա որոշել է բազկաթոռից ոտքի կանգնել առանց ձեռնափայտի կամ թիկնապահների օգնության։ Սայթաքել է եւ կոտրել աջ ձեռքը»,- տեղի ունեցածի մանրամասներ է հայտնել Օվչաչեկը։