Հայաստանում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 240 մլրդ դրամ
Առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 240 մլրդ դրամ։ Այդ մասին վկայում են Հայաստանի Վիճակագրական վարչության հրապարակած տվյալները։
Առաջին կիսամյակի արդյունքում, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ոլորտում աճը կազմել է 1.7 տոկոս։ Փոքր աճ է ապահովվել ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքում՝ 4,5 տոկոս, այդ ժամանակահատվածում համախառն արտադրանքի ծավալը կազմել է ավելի քան 73,6 մլրդ դրամ։ Երկրորդ եռամսյակում աճի դինամիկան նվազել է՝ կազմելով 0.6 տոկոս, այդ ժամանակահատվածում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է ավելի քան 166,3 մլրդ դրամ։
Նշենք, որ 2016 թվականից գյուղատնտեսության ոլորտում նկատվում է կայուն անկում։ Ամենավատ ցուցանիշները գրանցվել են 2018 թվականին, երբ անկումը կազմել է 7,2 տոկոս, իսկ ընդհանուր ծավալը՝ շուրջ 8893 մլրդ դրամ՝ ի տարբերություն նախաճգնաժամային շրջանի՝ 945.4 մլրդ դրամ (2015 թվականի ծավալներ)։ Անցած տարի իրավիճակը համեմատաբար կայունացել է՝ անկման տեմպերը փոքր-ինչ դանդաղել են, սակայն ոլորտը շարունակել է գրանցել անկում։