Բելառուսում տեղի է ունենում խաղաղ հեղափոխություն։ Այն ո՛չ ռուսամետ է, ո՛չ հակառուսական․ Տիխանովսկայա
Բելառուսում տեղի է ունենում խաղաղ հեղափոխություն։ Այն իր բնույթով աշխարհաքաղաքական չէ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, փոխանցում է «Մեդուզան»։
«Այն (հեղափոխությունը) ո՛չ ռուսամետ է, ո՛չ հակառուսական։ Այն նաեւ հակաեվրոպական կամ եվրոպամետ չէ։ Սա ժողովրդավարական հեղափոխություն է։ Սա ժողովրդի պայքարն է իր առաջնորդներին ազատ ընտրելու եւ իր ճակատագիրը որոշելու համար»,- հայտարարել է Տիխանովսկայան։
Նա նաեւ թողարկել է բելառուսցիներին հղած հերթական տեսաուղերձը՝ այս անգամ նվիրված Բելառուսի անկախության հռչակման 29-րդ տարեդարձին։ Տիխանովսկայան հայրենակիցներին է դիմել բելառուսերենով, շնորհավորել է նրանց տոնի առիթով եւ օգոստոսի 25-ի երեկոյան կոչ արել դուրս գալ Մինսկի Անկախության հրապարակ։