Բելառուսում բրիտանական ընկերությունը աշխատակիցներին տարհանել է Ուկրաինա
Բրիտանական տեղեկատվական տեխնոլոգիաների՝ Մինսկում տեղակայված Godel Technologies ընկերության մասնաճյուղի աշխատակիցների մի մասը իրենց ընտանիքներով և ընտանի կենդանիներով հեռացել են Բելառուսից՝ երկրում տիրող իրավիճակի անորոշության պատճառով և այժմ գտնվում են Ուկրաինայում: Այս մասին կորպորատիվ առցանց համաժողովում հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անդրեյ Աֆանասենկոն՝ գրում է Dev edition-ը:
Ըստ Աֆանասենկոյի՝ առաջարկը վավեր է յուրաքանչյուրի համար, ով համաձայն է դրան: Որոշումն ընդունվել է ռիսկերը նվազագույնի հասցնելու և մի քանի օր ինտերնետ կապի անջատման պատճառով, ինչը հանգեցրել է աշխատանքային գործընթացում խափանումների և ֆինանսական կորուստների:
Ընկերությունը ստանձնել է տարհանման և բնակեցման կազմակերպումը, չնայած չի բացառել, որ եթե տեսանելի ապագայում իրավիճակը հանդարտվի, աշխատակիցները ստիպված կլինեն վերադառնալ:
Ընկերության բելառուսական մասնաճյուղերում աշխատում է ընդհանուր առմամբ 1,1 հազար մարդ: Մասնաճյուղեր կան Մինսկում, Բրեստում, Գրոդնոյում, Գոմելում, Մոգիլևում և Վիտեբսկում: Godel Technologies-ի կենտրոնակայանը Մանչեսթերում է: