Հարավային Կորեայի հետախուզություն. Կիմ Չեն Ընը իր լիազորությունների մի մասը կրտսեր քրոջն է հանձնել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը իր լիազորությունների մի մասը հանձնել է կրտսեր քրոջը՝ Կիմ Յո-Չժոնին, պնդում է հարավկորեական հետախուզությունը, հայտնում է BBC-ն:
Ամբողջ իշխանությունը մնում է Կիմ Չեն Ընի ձեռքում, բայց պետական քաղաքականության որոշ ասպեկտների համար այժմ պատասխանատու են նրա մերձավորները, ինչպես կարծում են հետախույզները։ Ըստ նրանց՝ դա արվել է հյուսիսկորեական առաջնորդի սթրեսը նվազեցնելու համար։
Նախկինում Հարավային Կորեայի հետախուզությունը սխալվել է Հյուսիսային Կորեային վերաբերող հարցերում:
Հետախուզության ներկայացուցիչներն իրենց եզրակացությունները Սեուլում ներկայացրել են պատգամավորներին: Ճեպազրույցն անցել է փակ դռների հետեւում, բայց խորհրդարանականներն այնուհետեւ հետեւությունների մասին պատմել են լրագրողներին:
Կիմ Յո-Չժոնն այժմ, ըստ ամենայնի, պատասխանատու է Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի հանդեպ Փհենյանի քաղաքականության համար եւ, ըստ էության, ԿԺԴՀ-ի քաղաքական կառուցվածքում երկրորդ մարդն է դարձել
Հարավային Կորեայի հետախուզությունը եկել է այն եզրակացության, որ Կիմ Չեն Ընի որոշ լիազորություններ փոխանցելու որոշումը հիմնված է մասամբ սթրեսի մակարդակն իջեցնելու ցանկության վրա, եւ կարող է նաեւ պատասխանատվությունից խուսափելու փորձ լինել, եթե Փհենյանի քաղաքականությունը ձախողվի:
Ոչ բոլոր վերլուծաբաններն են համաձայն հարավկորեական հետախուզության բացահայտումների հետ: NKNews-ը նշում է, որ Կիմ Չեն Ընի քույրը օգոստոսին բաց է թողել երկու կարեւոր նիստ, որից հետո լուրեր են տարածվել, որ նրա պաշտոնն իջեցրել են։