Մեզանից Թուրքիայի թշնամի դուրս չի գա, բայց ենթակա էլ դուրս չի գա.Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության նախագահ
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Մուսթաֆա Աքընջըն Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել սոցանցում` ակնարկելով, որ իրենց հարաբերությունները կարող են կառուցվել միայն փոխադարձ հարգանքի, հավասարության հիման վրա։
Աքընջըն մասնավորապես գրել է․
«Ես միշտ պաշտպանել եմ Թուրքիայի հետ փոխադարձ հարգանքի վրա հենված հարաբերությունները։ Մեզանից Թուրքիայի թշնամի դուրս չի գա, բայց ենթակա էլ դուրս չի գա։
Ինչպես որ չցանկացանք հունական կողմում որպես փոքրամասնություն մնալ, այնպես էլ չենք ցանկանում որպես ենթակա իշխանություն ընկալվել։ Մենք՝ որպես պատվավոր ժողովուրդ, ցանկանում ենք այս հողի վրա ապրել հավասարության, ազատության ու անվտանգության սկզբունքով միջազգային իրավունքի շրջանակներում։
Ցանկանում ենք, որ բոլորն էլ հարգանք ցուցաբերեն մեր ժողովրդի այս զգացմունքների նկատմամբ։ Մեր ընտրությունների ժամանակ էլ միայն մեր ժողովուրդն ունի խոսքի իրավունք։ Որևէ միջամտություն, որը դուրս կգա դրա շրջանակներից, մեզ համար անընդունելի է»։