Քրեակատարողական ծառայության համակարգում մեկնարկել են «E-penitentiary» էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները
Նորարարական տեխնոլոգիաների զարգացման միտումներին համահունչ՝ Քրեակատարողական ծառայության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, փաստաթղթաշրջանառությունը կրճատելու, արդյունավետ, թափանցիկ եւ հաշվետու կառավարում ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ եւ դրա իրականացման՝ 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսվել էր Քրեակատարողական ծառայությունում ներդնել «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգը` «Կալանավորված անձանց եւ դատապարտյալների տեղեկատվական ռեգիստրը»։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Ռազմավարական հիշյալ ուղենիշի իրագործման նպատակով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի եւ 12 քրեակատարողական հիմնարկների միջեւ արդեն իսկ ստեղծվել է կորպորատիվ ցանց, քրեակատարողական հիմնարկները համալրվել են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով (համակարգիչներ, նույնականացման քարտ եւ մատնահետք ընթերցող սարքեր ու սարքավորումներ, թվային լուսանկարման եւ տեսաձայնագրման հնարավորությամբ շարժական տեսախցիկներ եւ այլն), տրվել են անհրաժեշտ ծրագրային լուծումներ, ինչպես նաեւ կահավորվել է սերվերային սենյակ (տվյալների հավաքագրման կենտրոն)։