Չինաստանում համավարակի ժամանակ կյանքի բոլոր առանձնահատկությունները հաշվի առնող «ապագայի քաղաք» կհայտնվի
Չինաստանում ապագայի քաղաք կհայտնվի, որը կկառուցվի՝ հաշվի առնելով համավարակի ժամանակ կյանքի բոլոր առանձնահատկությունները: Նախագծմամբ կզբաղվի Guallart Architects ճարտարապետական բյուրոն, գրում է lenta.ru-ն՝ ArchDaily-ին հղումով:
Քաղաքը կկառուցվի Պեկինից 100 կմ հեռավորության վրա: Այն կմիավորի ավանդական եվրոպական նախագծումը, ժամանակակից չինական բարձրահարկերը և գյուղատնտեսական լանդշաֆտը:
«Մենք չենք կարող այլևս նախագծել քաղաքներ ու շենքեր ու ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել (նկատի ունենալով համավարակը-Խմբ.)»,- հայտնել են բյուրոյից:
Բոլոր տների տանիքներին ջերմոցներ կլինեն, որտեղ կաճեցվեն մթերքներ և միաժամանակ էներգիա կստացվի արևային մարտկոցներից: Առաջին հարկերում կտեղադրվեն 3D տպիչներ և կկազմակերպվի թափոնների երկրորդային վերամշակում: Յուրաքանչյուր շենք կհավաքի անձրևաջուրը և կվերածի խմելու ջրի:
«Մենք նախագիծը մշակել ենք ինքնամեկուսացման ռեժիմի ժամանակ, երբ մեր ամբողջ թիմը տնից էր աշխատում, և որոշեցինք ներառել բոլոր այն ասպեկտները, որոնք կարող են բարելավել մեր կյանքը կարանտինի ժամանակ», - ասել են ճարտարապետները:
Շինությունները կկառուցվեն փայտե կոնստրուկցիաներից՝ դիզայներական տեխնոլոգիաների կիրառմամբ: Քաղաքում կլինեն բնակելի շինություններ, գրասենյակներ, լողավազաններ, խանութներ, շուկաներ, մանկապարտեզներ, հրշեջ ծառայություն և այլ օբյեկտներ: