Իսրայելը եւ արաբական աշխարհի եւս մի երկիր կարող են հայտարարել խաղաղության համաձայնագրի մասին. Ջարեդ Քուշներ
Սպիտակ տան խորհրդական Ջարեդ Քուշները հայտարարել է «շատ լավ հնարավորության» առկայության մասին, որ Իսրայելը եւ արաբական աշխարհի եւս մի երկիր առաջիկա երեք ամսվա ընթացքում կհայտարարեն խաղաղության համաձայնագրի մասին, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:
Ավելի վաղ Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտարարել էին հարաբերությունների բարելավման մասին:
«Ես իսկապես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություն ունենք»,- ասել է Դոնալդ Թրամփի փեսան, ով ԱՄՆ նախագահի դեսպանն է Մերձավոր Արեւելքում, երբ նրան հարցրել են` կարո՞ղ է արդյոք նման եւս մեկ բեկում լինել առաջիկա 90 օրվա ընթացքում` մոտավորապես Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններից առաջ ընկած ժամանակահատվածում:
Նա Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ կնքված համաձայնագիրը բնութագրել է որպես «իրադարձություն, որը նպաստում է երկու երկրների միջեւ հարաբերությունների ջերմացմանը», եւ նշել է, որ «մենք հույս ունենք, որ մյուս երկրները կսկսեն նույնն անել»:
Քուշները հերքել է հաղորդումներն այն մասին, որ պաղեստինցիները սառն են վերաբերվել այդ լուրերին` «դրանք բավականին կանխատեսելի արձագանք անվանելով, որը իրենք տեսնում են կրկին ու կրկին»:
ԱՄԷ-ն դարձել է արաբական երրորդ երկիրը, որը լիարժեք դիվանագիտական հարաբերություններ ունի Իսրայելի հետ` Եգիպտոսից եւ Հորդանանից հետո:
Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը նաեւ Իսրայելի եւ Արաբական երկրների միջեւ հարաբերությունների հետագա ջերմացում է կանխատեսել:
«Մենք կարծում ենք, որ այլ երկրներ եւս կան, որոնք սպասում են իրենց ժամին»,- ասել է նա:
Օ’Բրայենը նաեւ բարձր է գնահատել նախագահի դերն այս գործընթացում` հայտարարելով, որ Թրամփը պետք է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանա:
«Նման միջավայրում դրա համար որոշ ժամանակ կպահանջվի, բայց ինձ չի զարմացնի, եթե նախագահը, ի վերջո, առաջադրվի Նոբելյան մրցանակի»,- ասել է Օ'Բրայանը:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ ԱՄԷ-ում իշխող դինաստիայի ներկայացուցիչ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանը կամ ԱՄԷ-ի մեկ այլ արքայազմ կհրավիրվեն «ստորագրման պաշտոնական արարողությանը (համաձայնագրի)» Սպիտակ տանը, հավելել է Օ'Բրայանը: