Ադրբեջանի փոխարեն որոշում կայացնողն այլևս Թուրքիան է
Օգոստոսի 12-ին Ադրբեջան է ժամանում Թուրքիայի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, զորամիավորումների հրամանատարները: Նրանք հետևելու են թուրք-ադրբեջանական զորավարժությանը, որը Ադրբեջանի գրեթե ամբողջ տարածքում, այդ թվում՝ Նախիջևանում մեկնարկել էլ հուլիսի 29-ին, պետք է ավարտվեր օգոստոսի 10-ին, սակայն երկարաձգվել է, հավանաբար հենց թուրքական պատվիրակության ժամանման համար: Դա էլ իր հերթին վկայում է, որ Անկարան էական նշանակություն է տվել այդ ժամանմանը և հանգամանքին, որ թուրքական ռազմական ղեկավարությունը ներկա լինի զորավարժությանը:
Այստեղ, բնականաբար, առաջանում է մեկ այլ հարց՝ ինչո՞ւ է այդ առումով երկարաձգվել զորավարժությունը և ոչ թե հենց նախապես գծագրվել այնպես, որ ընդգրկի նաև թուրքական ռազմական ղեկավարության այցը: Արդյո՞ք հենց այդպիսին է եղել նախնական պլանը, այսպես ասած, հանպատրաստից ինչ-որ փոփոխության տպավորությամբ ռեգիոնալ ինտրիգ սրելու և այդպիսով ուղերձը առավել ուշադրության արժանացնելու նկատառումով, թե՞, այդուհանդերձ, իսկապես այցի հանգամանք առաջացել է հընթացս, և այդ իսկ պատճառով զորավարժությունն էլ երկարաձգվել է չնախատեսված: Այդ դեպքում ի՞նչ է պատահել, որ առաջացել է այդ անհրաժեշտությունը՝ զորավարժությանը ներկա գտնվել Թուրքիայի ռազմական ղեկավարության մակարդակով:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը անդրադարձել է այդ հանգամանքին «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցին ի պատասխան՝ նշելով, որ ինքնին զորավարժության երկարաձգումը մտահոգիչ չէ, սակայն մտահոգություն է առաջացնում թուրքական ռազմական ղեկավարության մասնակցությունը, որպես զորավարժության ուղերձ։ Այլ կերպ ասած, հայկական կողմն արձանագրել է, որ այդ հանգամանքը փոխում է զորավարժության ուղերձը հընթացս: Մեծ հաշվով, դա նշանակում է, որ Թուրքիան ստանձնում է Ադրբեջանի հետագա գործողությունների համար պատասխանատվությունը: Նախօրեին Անկարայում ընդունելով Ադրբեջանի ոչ դիվանագետ նորանշանակ արտգործնախարարին, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան կաջակցի Ադրբեջանին արցախյան հարցի ցանկացած կարգավորման դեպքում: Մի կողմից այստեղ նկատելի է անգամ հրահրում, որ նույնիսկ «ռազմական լուծման» պարագայում Անկարան կլինի Բաքվի կողքին, ինչպես և Տավուշի իրադարձությունների ֆոնին էին հայտարարել, մյուս կողմից նկատելի է այն, որ պատասխանատվությունն այդուհանդերձ թողնում են Բաքվի վրա՝ ինչ որ կորոշի Բաքուն: Հրահրո՞ւմ է Անկարան Բաքվին, թե՞, այդուհանդերձ, Թուրքիայում կա երկակի մոտեցում, երկու մոտեցման պայքար՝ արտգործնախարարությունը զերծ է մնում Ադրբեջանի պատասխանատվությունը Անկարայի վրա վերցնելու մոտեցումից, իսկ ռազմական ղեկավարությունը հակառակը՝ փորձում է ցույց տալ, որ Ադրբեջանի փոխարեն որոշում կայացնողն այլևս Թուրքիան է: