Արտակարգ դրության երկարաձգումը համաճարակի կանխարգելման առումով ոչինչ չի տալիս, քանի որ արդյունավետ վերահսկողության գործիքներ չեն կիրառվում. Ռուբեն Հովհաննիսյան
Վերջին շրջանում կորոնավիրուսի վարակի նվազումը նկատելի է: Վարակի նվազման միտման մասին դեռ ամիսներ առաջ էի կանխագուշակում, քանի որ ցանկացած օդակաթիլային վարակ ամռանը որոշակի նվազում ունենում է, անկախ նրանից պանդեմիայի հետ գործ ունենք, թե սեզոնային վարակների հետ: Այլ հարց է, թե ամռան ընթացքում կունենանք առաջին ալիքի մարում թե ոչ, որովհետև ալիքի մարում, որպես այդպիսին չկա, կա նվազում, մեղմացում, իսկ ի՞նչ վիճակ կլինի մինչև ամռան վերջ՝ ժամանակը ցույց կտա. Tert.am-ի հետ զրույցում նշել է բժիշկ -համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Կառավարության որոշմամբ արտակարգ դրության ևս մեկ ամսով երկարաձգմանը՝ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է.
«Արտակարգ դրության երկարաձգումը կոպիտ տարբերակով խնդիրը լուծելու Կառավարության հերթական որոշումն է՝ համաճարակը կանխարգելելու համար: Ընդ որում, ոչ արդյունավետ վերահսկողության առումով կառավարման գործիքներ կիրառելով:
Միանշանակ չեմ արդարացնում արտակարգ դրության երկարաձգումը, դա համաճարակի կանխարգելման առումով ոչինչ չի տալիս: Հնարավոր է, որ արգելքները սկզբնական շրջանում զսպող ազդեցություն ունեցել, սակայն այն ամբողջապես իր արդյունքը չտվեց, քանի որ իրականացվեց ուշացած և ոչ հետևողական ձևով, որի արդյունքում ունեցանք վարակի 40 հազարից ավել դեպքեր»:
Հարցին` հետևելով վարակի նվազման տեմպին, արդյոք հնարավո՞ր է սեպտեմբերից թվերը ավելանան, համաճարակաբանը նշել է, որ թվերի ավելացումը օրինաչափ է, քանի որ եղանակի ցրտելու հետ միաժամանակ, մարդիկ ավելի շատ են գտնվում փակ տարածքներում, իսկ փակ օդափոխության պայմաններում գումարվելու են սեզոնային այլ վարակիչ հիվանդություններ և հնարավոր է տեսնենք կորոնավարակի աճ:
Դիտարկմանը, թե Ռուսաստանի նախագահ Վ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը գրանցել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որի բոլոր փարձարկումներն արդյունավետ անցել է: ՌԴ առողջապահության նախարարն էլ իր հերթին նշել է, որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն արդեն ավարտվել են և այն բարձր արդյունավետություն է գրանցել, մեզ մոտ ե՞րբ կլինի պատվաստանյութը, և բնակչության մոտ անհանգստություններ և թերահավատություն կա պատվաստանյութի կիրառման առումով, Ռուբեն Հովհաննիսյանը ասել է, որ պատվաստանյութը բնակչությանը պետք է տրամադրվի միայն բնակչության վախերը փարատելու դեպքում և կիրառվի կամավորության սկզբունքից ելնելով.
«Ճիշտ կլինի մինչ պատվաստանյութը կիրառելը ուսումնասիրություններ կատարել բնակչության շրջանում, հասկանալու համար վարակի իրական տարածվածությունը բնակչության շրջանում: Պետք է ուսումնասիրվեն հիմքերը, որքանո՞վ են անվտանգ, ի՞նչ փորձաշրջան է անցել, արդյոք բոլոր դրական և բացասական կողմերը և հետևանքները հաշվի են առնված, թե ոչ, որից հետո նոր կարող են կիրառել: Իսկ մեր առողջապահության նախարարի հնչեցրած տեղեկություններով՝ Ռուսաստանից պատվաստանյութ ձեռք բերելու տարբերակը չէր դիտարկվում, դիտարկում էին ամերիկյան ընկերություններից մեկի պատվաստանյութը ձեռք բերելու տարբերակը»,- եզրափակել է Ռուբեն Հովհաննիսյանը: