Լուկաշենկոյի Մոսկվա փախած մրցակցի կինը նույնպես փախուստի է դիմել
Միավորված բելառուսական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ չգրանցված թեկնածու Վալերի Ցեպկալոյի կինը՝ Վերոնիկան, ընտրությունների նախօրեին փախել է երկրից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես հաղորդել են մեկ այլ չգրանցված թեկնածուի՝ «Բելգազպրոմբանկ»-ի խորհրդի նախկին նախագահ Վիկտոր Բաբարիկոյի շտաբից, Վերոնիկա Ցեպկալոն միացել է ամուսնուն, որն ավելի վաղ որդիների հետ մեկնել էր Մոսկվա և քվեարկել այնտեղ: «Մենք հարգում ենք Վերոնիկայի որոշումը, իրավիճակը բարդ է: Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ինքնուրույն գնահատելու ռիսկերը»,- ասվում է շտաբի հայտարարությունում:
Գործակալության աղբյուրը նշում է, որ Ցեպկալոն որոշել է հեռանալ երկրից ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Բաբարիկոյի շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Կոլեսնիկովայի ձերբակալությունից հետո: Նրան բերման էին ենթարկել ընթրիքի ժամանակ, բայց ավելի ուշ ազատ էին արձակել՝ ասելով, որ շփոթել են մեկ այլ մարդու հետ:
Բացի այդ, ընտրությունների նախօրեին, Բելառուսի ՆԳՆ-ը ձերբակալել է Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի շտաբի պետ Մարիա Մորոզին: Կնոջը «զրույցի համար» տեղափոխել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն, իսկ ավելի ուշ ազատ արձակել: Իսկ օգոստոսի 7-ին իրավապահները բերման են ենթարկել Տիխանովսկայայի վստահված անձ Անդրեյ Սմոլենչուկին և նրա կնոջը՝ Ժաննա Մյակիշին, բայց նրանց չեն ազատել: Ձերբակալման պատճառները հայտնի չեն:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվում են նախագահական ընտրություններ: Տիկանովսկայան գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցն է, նա ընտրական մրցավազքի մասնակից դարձավ իր ամուսնու՝ հանրաճանաչ բլոգեր Սերգեյ Տխանովսկու փոխարեն, որն իր մի քանի կողմնակիցների հետ կալանավորվել է զանգվածային անկարգություններ նախապատրաստելու կասկածանքով: