Բեյրութում ցուցարարները գրավել են Լիբանանի ԱԳ եւ էկոնոմիկայի նախարարությունների շենքերը
Շաբաթ օրը Բեյրութում ցուցարարները գրավել են Լիբանանի ԱԳ եւ էկոնոմիկայի նախարարությունների շենքերը: Այս մասին հաղորդել է Al Jadeed հեռուստաալիքը:
Բացի այդ, Al-Hadath-ը հայտնում է, որ ցուցարարները գրոհում են շրջակա միջավայրի նախարարության շենքը: Ավելի վաղ նրանք այրել էին հանրապետության նախագահ Միշել Աունի դիմանկարը եւ ԱԳՆ շենքը իրենց գլխավոր գրասենյակ էին հայտարարել։
Նաեւ, ըստ Al Jadeed-ի տվյալների, շարժմանը աջակցող նախկին զինվորականները գրավել են Աշրաֆիա թաղամասում գտնվող դատարկ հին առանձնատունը, որը վնասվել է Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Ակտիվիստները պատշգամբներից կարմիր պաստառներ են կախել: Դրանցից մեկի վրա գրված է․ «Բեյրութը հեղափոխության մայրաքաղաք է», մյուսի վրա՝ «Բեյրութը առանց զենքի քաղաք է»: Այգու հինավուրց սանդուղքի դիմաց գտնվող ցուցարարները վանկարկում են հակակառավարական կարգախոսներ եւ ծածանում են ազգային դրոշներ, խորհրդարանի դիմաց հրդեհ է բռնկվել, հայտնում է ՏԱՍՍ-ը: