«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում առկա քիմիական նյութերի, այդ թվում ամոնիակի, վնասազերծվում է կատարվում. մարզպետարան
Հաշվի առնելով «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում առկա քիմիական նյութերի մասին շրջանառվող ակտիվ քննարկումներն ու բնակիչների մտահոգությունները, ներկայացնում ենք «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի կողմից տրամադրված պարզաբանումն այն մասին, որ աճուրդային գործընթացում հնարավոր է եղել գրեթե ամբողջությամբ օտարել տարածքում առկա ամոնիակն ու ծծմբական թթուն: Այդ մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը խնդրի հետ կապված քննարկում է ունեցել Կ. Ասատրյանի, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Լևոն Դալլաքյանի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ րոպեներ առաջ ավարտել են վարչության, ընկերության ու ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ համատեղ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում իրականացված ուսումնասիրությունը: Այժմ կազմվում է ուսումնասիրության արդյունքների մասին արձանագրություն: Քիչ ավելի ուշ կհրապարակենք նաև այսօրվա ուսումնասիրության արդյունքները ներկայացնող արձանագրությունը»,-ասվում է հայտարարությունում: