Բայդենը պլանավորում է 280 մլն դոլար ծախսել իր նախընտրական քարոզարշավի համար. Reuters
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ և նոյեմբերին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջոզեֆ Բայդենը մտադիր է 280 միլիոն դոլար ծախսել իր նախընտրական քարոզարշավի համար: Այդ մասին գոստոսի 5-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Բայդենի շտաբը: Գործակալության տեղեկություններով՝ քարոզարշավը կտարածվի 15 նահանգներում, որոնց թվում են Միչիգանը, Վիսկոնսինը, Փենսիլվանիան, Արիզոնան և Ջորջիան, 60 միլիոն դոլար պլանավորված է ծախսել ինտերնետում:
Ինչպես նշել է քաղաքական գործչի նախընտրական շտաբի ղեկավարներից մեկը՝ Ջեն Օ’Մելլի Դիլոնը, այդ պլաններն արտացոլում են «հարձակման գնալու» և Բայդենին որպես օգնելու պատրաստ առաջնորդ ցույց տալու ցանկությունը, որը տարբերվում է իր ընդդիմախոս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից: «Այս ընտրություններն իսկական հանրաքվե են Դոնալդ Թրամփի և (նոր տիպի կորոնավիրուսի հարուցած) COVID-19 (հիվանդության համավարկի) և տնտեսության հարցերում նրա անհաջող ղեկավարման հարցերի շուրջը»,- հայտարարել է նա: ԱՄՆ-ի նախագահի հերթական ընտրությունները պլանավորված են նոյեմբերի 3-ին: Ընտրություններում դեմոկրատներից թեկնածուն, ինչպես սպասվում է, կլինի ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, հանրապետականներից՝ Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը: