Քչերն են սիրում Երևանն այնպես, ինչպես Արթուր Մեսչյանը․ ցավում եմ, որ նա հեռանալու է․ Հրաչյա Հակոբյան
Շատ լավ կարծիքի եմ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի երկու տարվա աշխատանքի մասին. սկզբունքային և Երևան քաղաքը սիրող մարդ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ Արթուր Մեսչյանը հրաժարականի դիմում է գրել:
«Ցավում եմ, որ հեռանում է պաշտոնից, որովհետև քչերն են Երևանը սիրում այնպես, ինչպես Արթուր Մեսչյանն է սիրում: Բացի այդ, ունի համապատասխան պրոֆեսիոնալիզմ: Որոշումն իրենն է»,-ասաց նա:
Հարցին, թե գո՞հ եք քաղաքապետարանի գործունեությունից՝ հատկապես, որ վերջին շրջանում քննադատությունն ավելացել է, անգամ խոսվում է նոր քաղաքապետ ունենալու անհրաժեշտության մասին, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Դժգոհություններ չեն կարող չլինել, որովհետև մենք տեսել ենք, թե ինչպիսի քաղաք ենք ժառանգություն ստացել նախորդ իշխանություններից: Իսկ տվյալ իրավիճակում այն, ինչ անում է քաղաքապետը, կարծում եմ՝ մաքսիմումն է, որ կարող է անել քաղաքի համար»: