Ինչն էր իրականում Բեյրությում հուժկու պայթյունի պատճառը. Տարբեր վարկածներ
Լիբանանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում ամոնիումի նիտրատ է պայթել:
Բեյրութի նավահանգստում պայթյունավտանգ ամոնիումի նիտրատ է պայթել: Այս մասին, ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, ասել է Լիբանանի ՆԳՆ ղեկավար Մուհամմադ Ֆահմին:
Միևնույն ժամանակ, իրավապահները Al Mayadeen հեռուստաընկերությանը հայտնել են, որ «պայթեցվել է պայթուցիկ նյութերի մաքսանենգ բեռը, որը 9 տարի առաջ առգրավվել է նավերից մեկից, որը այս բոլոր տարիներին պահվել է նավահանգստում գտնվող պահեստում՝ հետագա մշակման կամ ոչնչացման համար»: «Չորս ամիս առաջ զեկույց է պատրաստվել ծովային նավահանգստում այդպիսի պայթուցիկ նյութերի բեռը պահելու մեծ վտանգի մասին»,- ասել է նա: Ըստ որոշ տեղեկությունների, պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, դրա հետեւանքով էլ նիտրատը պայթել է: Մինչդեռ Լիբանանի մայրաքաղաքում հիվանդանոցները լեցուն են վիրավորներով:
Միայն մի հիվանդանոցին մեկ ժամից պակաս ժամանակահատվածում 300 վիրավոր է դիմել: Մարդկանց հորդորում են անհապաղ արյուն հանձնել: Բոլոր բժշկական անձնակազմերին կանչել են աշխատանքի: Ըստ առաջին տվյալների՝ զոհերի թիվը հասել է 30-ի, ոչ պաշտոնական տեղեկություններով՝ այդ թիվը շատ ավելի մեծ է։ Մարդիկ նավահանգստի տարածքում պայթյունի հետեւանքով ավերված շենքերի փլատակների տակ են, հայտնում է ՏԱՍՍ-ը: Վարչապետ Հասան Դիաբն ասել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը աղետ է Լիբանանի համար:
«Մեծ աղետ վրա հասավ Լիբանանին»,- ասել է նա:
«Տեղի ունեցածը անպատիժ չի մնա, մեղավորներն ու պատասխանատուները կպատժվեն»: Նա կոչ է արել բոլոր բարեկամական եւ եղբայրական երկրներին աջակցել և օգնել Լիբանանին:
Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը որպես Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառ, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, նշել է 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը վեց տարի շարունակ, նշվում է Լիբանանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ Twitter-ում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես չեմ հանգստանա, քանի դեռ չենք գտել կատարվածի պատասխանատուին` պատասխանատվության ենթարկելու եւ ամենախիստ պատիժը կիրառելու համար, քանի որ անընդունելի է, որպեսզի ամոնիումի նիտրատի այդպիսի խմբաքանակ, որը 2.750 տոննա է կշռում, առանց կանխարգելիչ միջոցների 6 տարի գտնվի պահեստում, ինչը սպառնում է քաղաքացիների անվտանգությանը»,- հայտարարել է վարչապետը:
Ընդ որում, Դիաբն առաջարկել է հանձնաժողով ստեղծել` միջադեպը հետաքննելու համար, որը 48 ժամվա ընթացքում պետք է պարզի կատարվածի պատճառը և հայտնաբերի պատասխանատուներին: