Շվեդիայում մտահոգ են կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներ սկսելու Ռուսաստանի ծրագրերով
Առաջիկա ամիսներին կորոնավիրուսի դեմ քաղաքացիների զանգվածային պատվաստումներ սկսելու Ռուսաստանի ծրագրերը մտահոգիչ են, քանի որ ռուս գիտնականները դժվար թե հասցրած լինեն մանրակրկիտ ուսումնասիրել պատվաստանյութի հնարավոր կողմնակի ազդեցությունները:
Փորձագետներն այս կապակցությամբ իրենց մտավախություններով կիսվել են շվեդական Svenska Dagbladet պարբերականի հետ:
Ինչպես նշում է պարբերականը, Ռուսաստանի իշխանությունները պլանավորում են պատվաստանյութը հաստատել օգոստոսի սկզբին, այսինքն՝ շատ ավելի շուտ, քան այլ երկրների իշխանությունները, որոնք հույս ունեն ստանալ պատվաստանյութերի օգտագործման թույլտվությունը միայն մինչև 2020 թվականի վերջը: Այսպիսով, Ռուսաստանում զանգվածային պատվաստումները կսկսվեն մինչև կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի ավարտը, որի ընթացքում էլ սովորաբար ի հայտ են գալիս նոր դեղամիջոցների հիմնական կողմնակի ազդեցությունները:
Բացի այդ, clinicaltrials.gov պորտալի պաշտոնական տվյալների համաձայն, ներկայումս ռուս մասնագետները պատվաստանյութը թեստավորել են միայն 80 հիվանդի վրա, ինչը, ըստ Կարոլինայի ինստիտուտի կենսաբժշկական անալիզի պրոֆեսոր Մատի Սելբերգի, չափազանց քիչ է: