Մեքսիկայում լրագրող է սպանվել
Մեքսիկայի հարավ-արեւմտյան Գերերո նահանգում սպանվել է PM Noticiasի առցանց պարբերականի լրագրող Պաբլո Մորուգարեսը: Այս մասին հայտարարել է մարդու իրավունքների տարածաշրջանային հանձնաժողովը Facebook-ի իր էջին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք խնդրում ենք Գլխավոր դատախազությանը կատարվածի մանրակրկիտ քննություն անցկացնել՝ այս հանցագործության մեղավորներին գտնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ: Մորուգարեսը սպանվել է Իգուալայի ռեստորաններից մեկում: Հաշվեհարդարի հնարավոր դրդապատճառների մասին տեղեկատվություն չի հրապարակվել: Մորուգարեսը դարձավ Մեքսիկայում այս տարի սպանված չորրորդ լրագրողը:
2000 թվականից ի վեր լատինաամերիկյան երկրում մահացել է լրատվամիջոցների ավելի քան 150 աշխատակից, որոնցից ավելի քան 10-ը՝ 2019 թվականին: Ըստ դատախազության, որը հետաքննում է ազատ խոսքի դեմ ուղղված հանցագործությունները՝ մեքսիկացի լրագրողների նկատմամբ իրավախախտումների 99 տոկոսն անպատիժ է մնում: