Փաշինյանն արձանագրեց փաստը. վերջին երկու տարիներին Ռուսաստանն աշխատում է Հայաստան պետության հետ, ոչ թե անձերի
Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունն ունի բոլոր միջոցներն ու կարողությունները Ռուսաստանն ազգամիջյան բախման թատերաբեմ դարձնելու Ադրբեջանի փորձը կանխելու եւ այդպիսի զարգացում թույլ չտալու համար, ՌԲԿ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետը նկատել է նաեւ, որ այդ ամենի հետեւում լոկ Ադրբեջանը չէ, այլ Հարավային Կովկասում ծավալապաշտական հակահայկական նկրտում ունեցող երրորդ ուժ, հավանաբար նկատի ունի Թուրքիային: Հատկանշական է, որ վարչապետն այդ մասին խոսել էր նաեւ Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ Մինսկում։
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի մասին ավելի բաց խոսեց հուլիսի 23-ին կառավարության նիստում ունեցած ելույթում, նշելով, որ Հայաստանը պետք է փոխի քաղաքականությունը Թուրքիայի զսպման հարցում եւ մասնավորապես մեծացնի Անկարայի զսպման այլ ձեւաչափերում մասնակցության մասշտաբները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետներ Վիգեն Հակոբյանի և Աղասի Մարգարյանի հետ: